1Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չ’մտնէ։
2Պոռնկորդին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ։
3Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ յաւիտեան.
4Նորա համար որ ձեզ չ’դիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից Բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ.
5Բայց քո Եհովայ Աստուածը չ’ուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։
6Նորանց խաղաղութիւնը եւ լաւութիւնը չ’որոնես քո բոլոր օրերումը յաւիտեան։
7Եդովմայեցիին չ’ատես, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չ’ատես, որովհետեւ նորա երկրումը պանդուխտ էիր։
8Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։
9Երբոր բանակով գնաս թշնամիների դէմ, ամեն չար բանից զգուշանաս։
10Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չ’մտնէ.
11Եւ իրիկնադէմին ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։
12Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս.
13Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես, նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։
14Որովհետեւ քո Եհովայ Աստուածը ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. Ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չ’զզուէ։
15Ծառային իր տիրոջ ձեռքը չ’մատնես, որ տիրոջիցը փախչելով քեզ մօտ է ապաստանուել,
16Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կ’լինի. նորան չ’նեղես։
17Իսրայէլի աղջիկներիցը բոզ չ’լինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չ’լինի։
18Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չ’տանես որ եւ իցէ ուխտի համար. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։
19Քո եղբօրիցը շահ չ’առնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է.
20Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չ’առնես, որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կ’մտնես նորան ժառանգելու համար։
21Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կ’պահանջէ այն, եւ դու մեղքի տէր կ’դառնաս.
22Բայց եթէ ուխտ անել չ’ուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։
23Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։
24Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չ’դնես.
25Երբոր քո դրացիի հունձքը մտնես, ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չ’զարկես։