ԵՓԵՍԱՑԻՍ 2:1-22 ABA1910 - Bible AI

1Եւ դուք, որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը.

2Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ.

3Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ.

4Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ,

5Երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։

6Նորա հետ մեզ յարոյց, եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։

7Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած քաղցրութիւնովը։

8Որովհետեւ շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ պարգեւն է.

9Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։

10Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։

11Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ,

12Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։

13Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։

14Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը.

15Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով.

16Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով սպանելով։

17Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։

18Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։

19Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ,

20Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է.

21Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով.

22Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։

e>