1Եւ ես աչքերս վեր բարձրացրի ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։
2Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. Եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։
3Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը.
4Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։
5Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։
6Ա՜յ, ա՜յ, էլ փախէք հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։
7Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։
8Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։
9Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ կ’գիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել։
10Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կ’բնակուեմ քո միջումն, ասում է Տէրը։
11Եւ այն օրը շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. Եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ դու կ’գիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։
12Եւ Տէրը պիտի ժառանգէ իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։
13Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։