1Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի Ժողովողի խօսքերը.
2Ունայնութիւն ունայնութեանց՝ ասեց Ժողովողը, ունայնութիւն ունայնութեանց, բոլորը ունայն է։
3Ի՞նչ օգուտ ունի մարդս իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։
4Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ։
5Եւ արեգակը ծագում է եւ արեգակը մար մտնում, եւ դէպի իր տեղը շտապում՝ եւ այնտեղ էլի ծագում։
6Քամի գնում է դէպի հարաւ եւ դառնում դէպի հիւսիս, դառնում դառնում գնում է, եւ իր դարձուածքներովը դարձեալ ետ է գալիս քամին։
7Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. Այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան։
8Ամեն խօսքերը տկար են, մարդ չէ կարող ասել. աչքը չէ կշտանում տեսնելուց, եւ ականջը չէ լցվում լսելուց։
9Ինչ որ եղել էր, նա էլ կ’լինի. Եւ ինչ որ արուած էր, նա էլ կ’անուի. Եւ արեգակի տակին բնաւ մի նորա բան չ’կայ։
10Կա՞յ արդեօք մի այնպիսի բան, որի համար ասուի թէ սա նոր է. Արդէն հին դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։
11Առաջինների յիշատակը չ’կայ. Նաեւ այն յետինների համար էլ, որ գալու են՝ յիշատակ չէ լինելու նորանց մօտ, որ յետոյ են գալու։
12Ես Ժողովողս թագաւոր էի Իսրայէլի վերայ Երուսաղէմումը։
13Եւ իմ սիրտը տուի, որ որոնեմ եւ քննեմ իմաստութեամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ. Սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
14Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, քամիի աշխատանք՝՝ էր։
15Ծուռը կարող չէ ուղղուիլ, եւ պակասնորդը կարող չէ հաշուիլ։
16Ես խօսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստութիւնով աւելի հարուստ՝ քան թէ Երուսաղէմումն ինձանից առաջ բոլոր եղածները. Եւ իմ սիրտը շատ իմաստութիւն եւ գիտութիւն է տեսել։
17Ես իմ սիրտը տուի իմաստութիւն հասկանալու, եւ գիժութիւնն ու յիմարութիւնն հասկանալու. Հասկացի որ սա էլ է եղել քամիի աշխատանք։
18Որովհետեւ շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում։