1Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։
2Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւիցը.
3Այն օրը, որ կ’դողդողան տան պահապանները, եւ կ’կորանան զօրաւոր մարդիկը, եւ կ’դադարեն աղացողները քիչ լինելու համար. Եւ պատուհաններից նայողները կ’մթնեն։
4Եւ դրսի դռները կ’կապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. Եւ նա վեր կ’կենայ թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող աղջկերքը նկուն կ’լինին։
5Մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը, եւ նշենին կ’ծաղկի, եւ մարախը կ’ծանրանայ, եւ ախորժակը կ’դադարէ. Որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը. Եւ դրսումը շրջապատում են լացողները։
6Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ,
7Եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստուծոյ մօտ, որ տուել էր։
8Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է։
9Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։
10Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։
11Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից։
12Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. Շատ գրքեր շինելը ծայր չ’ունի. Եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը։
13Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։
14Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։