ԺՈՂՈՎՈՂ 2:1-26 ABA1910 - Bible AI

1Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. Բայց ահա սա էլ էր ունայն։

2Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. Եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։

3Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը։

4Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի.

5Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի.

6Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։

7Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։

8Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ։

9Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. Նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։

10Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չ’արգիլեցի, սիրտս չ’զրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։

11Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չ’կայ։

12Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. Որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։

13Եւ ես տեսայ որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. Որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը։

14Իմաստունի աչքերը իր գլխին են. Բայց յիմարը խաւարումն է գնում. Եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։

15Եւ ես ասեցի իմ սրտումը. Ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. Ուրեմն էլ ի՞նչու համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի թէ Սա էլ է ունայն։

16Նորա համար որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. Որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կ’լինի. Եւ ո՜հ իմաստունը մեռնում է յիմարի հետ։

17Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. Որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։

18Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։

19Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. Սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. Սա էլ է ունայն։

20Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։

21Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չ’աշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք։

22Որովհետեւ ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին։

23Որովհետեւ նորա բոլոր օրերը վիշտեր՝ եւ նորա գործքը տրտմութիւն են. Նորա սիրտը գիշերն էլ չէ հանգիստ. Սա էլ է ունայն։

24Սորանից լաւ բան չ’կայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ. Բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։

25Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան՝՝։

26Որովհետեւ այն մարդին, որ հաճելի է նորա առաջին, նա տալիս է իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն. Բայց մեղաւորին տալիս է զբաղմունք, որ նա ժողովէ եւ գանձէ, եւ տայ Աստուծոյ առաջին հաճելի եղողին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք։

>