ԺՈՂՈՎՈՂ 5:1-20 ABA1910 - Bible AI

1Զգոյշ եղիր ոտքիդ համար, երբոր գնաս Աստուծոյ տունը. Եւ մօտեցիր աւելի լսելու համար, քան թէ մատուցանելու յիմարների զոհը. Որովհետեւ նորանք չ’գիտեն որ չարութիւն են անում։

2Մի շտապիր լեզուովդ, եւ սիրտդ շուտով բան չ’արտասանէ Աստուծոյ առաջին, որովհետեւ Աստուած երկնքումն է եւ դու երկրի վերայ. Սորա համար թող խօսքերդ քիչ լինին։

3Որովհետեւ երազը գալիս է զբաղմունքի շատութիւնից, եւ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։

4Երբոր Աստուծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նորան հատուցանելու. Որովհետեւ նա յիմարներին չէ հաճում. ինչ որ ուխտում ես կատարիր։

5Լաւ է որ չ’ուխտես, քան թէ ուխտես եւ չ’կատարես։

6Թող մի տար բերանիդ որ մարմնիդ մեղանչել տայ. Եւ Աստուծոյ պատգամաւորի առաջին մի ասիր թէ Սխալմունք եղաւ. Ի՞նչու համար Աստուած բարկանայ քո խօսքի համար, եւ քո ձեռքի գործերն աւերէ։

7Որովհետեւ շատ երազներումը եւ շատ խօսքերումը շատ էլ ունայնութիւններ կան. Բայց դու վախեցիր Աստուածանից։

8Եթէ մի աղքատի զրկանքը եւ արդարութեան ու իրաւունքի յափշտակուիլը տեսնես մի գաւառում, մի զարմանար այդ բանին. Որովհետեւ բարձրիցը մէկ աւելի բարձրը նայում է, եւ բարձրեր կան նորանց վերայ։

9Եւ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագաւորը երկրին նուիրուած է՝՝։

10Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. Սա էլ է ունայն։

11Բարիքները շատանալիս՝ շատանում են նորա ուտողները, ուրեմն նորա տէրերի համար ի՞նչ շահ կայ բացի իրանց աչքովը տեսնելուց։

12Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ։

13Տեսայ որ մի վատ ցաւ կայ արեգակի տակին, այսինքն այն հարստութիւնը, որ պահվում է իր տիրոջ ձախորդութեան համար։

14Եւ այն հարստութիւնը մի չար պատուհասով կ’կորչի. Եւ նա որդի է ծնել, բայց ձեռքին մի բան չ’կայ։

15Ինչպէս որ նա ելաւ իր մօր որովայնիցը, մերկ էլ ետ կ’դառնայ, կ’գնայ ինչպէս եկել էր. Եւ մի բան վեր չի առնիլ իր աշխատանքիցը որ կարող էր տանել իր ձեռքին։

16Սա էլ է մի վատ ցաւ, որ բոլորովին ինչպէս որ եկաւ այնպէս էլ գնալու է, եւ նորան ի՞նչ օգուտ կայ, որ աշխատեց քամիի համար։

17Նա իր բոլոր օրերը խաւարումը կ’ուտէ, մեծ վիշտով եւ ցաւով եւ բարկութիւնով։

18Ահա այս իմ տեսածը լաւ է, որ վայելուչ է ուտել եւ խմել եւ բարիք վայելել արեգակի տակին իր քաշած տանջանքովն Աստուծոյ իր տուած կեանքի քիչ օրերումը. որովհետեւ դա է նորա բաժինը։

19Նաեւ ամեն մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն եւ կայք, եւ նորան իշխանութիւն է տալիս նորանից ուտելու եւ բաժինն առնելու. Եւ իր աշխատանքովն ուրախանալու. Սա Աստուծոյ պարգեւն է։

20Որովհետեւ նա իր կեանքի օրերը շատ չէ յիշելու, որովհետեւ Աստուած պատասխանում է նորա սրտի ուրախութեամբը։

>