1Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։
2Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կ’պահէ այդ իր սրտումը։
3Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կ’ուրախանայ։
4Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։
5Լաւ է լսել իմաստունների կշտամբումը, քան թէ յիմարների երգը։
6Որովհետեւ ինչպէս որ փուշերի ձայնն է կաթսայի տակին, այնպէս է յիմարի ծիծաղելը. Սա էլ է ունայն։
7Որովհետեւ բռնութիւնը կ’յիմարացնէ իմաստունին, եւ պարգեւը փչացնում է սիրտը։
8Մի բանի վախճանը լաւ է նորա սկզբիցը. լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։
9Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։
10Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը։
11Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է արեգակը տեսնողների համար։
12Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. Բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը։
13Տես Աստուծոյ գործքը, որովհետեւ ո՞վ կարող է ուղղել նորա ծռածը։
14Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չ’գտնէ։
15Բոլորը տեսայ իմ ունայնութեան օրերումը. արդար կայ որ կորչում է իր արդարութեան մէջ. Եւ ամբարիշտ էլ կայ, որ երկարացնում է կեանքը իր ամբարշտութեան մէջ։
16Խիստ շատ արդար մի լինիր. Եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. Ի՞նչու համար քեզ կորցնես։
17Խիստ ամբարիշտ մի լինիր, եւ յիմար մի լինիր. ի՞նչու համար տարաժամ մեռնես։
18Լաւ է որ մէկին բռնես եւ միւսիցն էլ ձեռքդ չ’քաշես, որովհետեւ Աստուածանից վախեցողը ամենը կ’կատարէ։
19Իմաստութիւնն աւելի ոյժ կ’տայ իմաստունին, քան թէ տասը իշխաններ, որ այն քաղաքումը լինին։
20Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ։
21Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չ’լսես ծառադ քեզ անիծելիս։
22Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։
23Այս ամենը փորձեցի իմաստութիւնով, ասեցի թէ Ես իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր։
24Հեռու է այն ինչ որ եղել է. Եւ խորը՝ խոր. Ո՞վ կարող է հասնել նորան։
25Ես իմ սրտովը շուռ տուի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստութիւն եւ հանճար. Եւ գիտենամ թէ յիմարութիւնը չարութիւն է, եւ անմտութիւնը՝ գիժութիւն։
26Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կ’ազատուի նորանից, իսկ մեղաւորը կ’բռնուի նորա մէջ։
27Ահա գտել եմ այս բանը, ասում է Ժողովողը, մէկ մէկ պէտք է համարել հաշիւը գտնելու համար։
28Որ հոգիս տակաւին որոնում է, եւ ես չեմ գտել. մէկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի մէջ մի կին չ’գտայ։
29Սակայն ահա սա գտել եմ, որ Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել։