1Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը։
2Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. Եւ լսեցէք ձեր հօրը Իսրայէլին։
3Ով Ռուբէն, իմ անդրանիկը, Դու իմ ոյժն ու իմ զօրութեան սկիզբը՝ Գերազանց յարգութեամբ եւ գերազանց կարողութեամբ։
4Ջրի պէս եռացիր. Գերազանց չես լինիլ. Որովհետեւ վեր ելար քո հօր անկողինը, Այն ժամանակ պղծեցիր։ Անկողի՜նս ելաւ։
5Շմաւոն եւ Ղեւի եղբայրներ. Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը։
6Նորանց խորհուրդների մէջ չ’մտնէ իմ հոգին, Նորանց ժողովքի հետ չ’միանայ իմ պատիւը. Որովհետեւ իրանց բարկութեամբը մարդ սպանեցին, Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին։
7Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր, Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր. Կ’բաժանեմ նորանց Յակոբի մէջ, Եւ կ’ցրուեմ Իսրայէլի մէջ։
8Ով Յուդա, քեզ կ’գովեն քո եղբայրները. Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի. Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը։
9Առիւծի ձագ է Յուդան. Որդեակ իմ, կողոպուտից ելար։ Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կ’զարթնեցնէ նորան։
10Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը։
11Նա իր աւանակը որթին կ’կապէ, Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը. Գինով կ’լուանայ իր պատմուճանը, Եւ խաղողի արիւնով իր հանդերձը։
12Իր աչքերը գինուց կարմիր՝ Եւ իր ատամները կաթից սպիտակ կ’լինին։
13Զաբուղոնը ծովի եզերքումը կ’բնակուի, Եւ նա նաւերի եզերքումը կ’լինի, Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն։
14Իսաքարը մի ամրապինդ էշ է, Պառկում է գոմերի մէջտեղը.
15Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է, Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է. Իր ուսը ծռեց բեռ կրելու, Եւ հարկատու ծառայ եղաւ։
16Դանը կ’դատէ իր ժողովրդին Իսրայէլի ցեղերի մէկի պէս։
17Դանը մի օձ կ’լինի ճանապարհի վերայ, Մի իժ՝ շաւիղի վերայ, Կծում է ձիան գարշապարը. Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին։
18Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ։
19Գադը՝ մի գունդ կ’յարձակէ նորա վերայ, Բայց ինքը կ’յարձակուի ետեւից։
20Ասերի համար հացը պարարտ է. Եւ ինքը կ’տայ թագաւորի համադամ կերակուրներ։
21Նեփթաղիմը մի ազատ եղջերու է. Որ գեղեցիկ խօսքեր է տալիս։
22Մի պտղատու ոստ է Յովսէփը, Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ, Բողբոջները տարածվում են պատի վերայ։
23Եւ վշտացրին նորան, Եւ նետաձիգ արին, Եւ ատեցին նորան աղեղնաւորները.
24Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց, Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները, Յակոբի Հզօրի ձեռքերովը. Այնտեղից է հովիւը Իսրայէլի վէմը։
25Քո հօր Աստուածանից որ քեզ կ’օգնէ, Եւ Ամենակարողից որ քեզ կ’օրհնէ, Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից, Խորութեան օրհնութիւններովը՝ որ պառկած է ցածումը. Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը՝ որ
26Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝ Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, Յովսէփի գլխի վերայ լինին. Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ։
27Բենիամինը պատառող գայլ է, Առաւօտանց որսը կ’ուտէ, Եւ իրիկունը կողոպուտը կ’բաժանէ։
28Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. Եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. Ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց։
29Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է.
30Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից։
31Այնտեղ թաղեցին Աբրահամին եւ նորա կնոջը Սարրային. Այնտեղ թաղեցին Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. Եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային։
32Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան։
33Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ։