ԿՈՂՈՍԱՑԻՍ 2:1-23 ABA1910 - Bible AI

1Վասն զի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել.

2Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.

3Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։

4Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։

5Վասն զի թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով, եւ ձեր հաւատքի հաստատութիւնը՝ որ Քրիստոսի վերայ է։

6Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք.

7Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով։

8Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։

9Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։

10Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.

11Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը.

12Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։

13Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։

14Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց.

15Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.

16Արդ թող մէկը չ’դատէ ձեզ ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթների մասին։

17Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։

18Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.

19Եւ չ’բռնելով Գլուխը, որից բոլոր մարմինը յօդուածներով եւ խաղերով հաղորդուած եւ կցուած՝ մեծանում է Աստուծոյ աճմունքովը։

20Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ

21Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր.

22Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։

23Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։

le>