1Տէրեր, իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. Գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։
2Աղօթքին միշտ հետեւեցէք. Եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։
3Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։
4Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։
5Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։
6Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։
7Իմ մասին ամենը կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը,
8Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը.
9Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. Նորանք ամենը կ’իմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։
10Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. Որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։
11Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. Միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։
12Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։
13Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։
14Բարեւ է տալիս ձեզ բժիշկ Ղուկաս սիրելին եւ Դեմասը։
15Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ նորա տան եկեղեցուն։
16Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. Եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։
17Եւ Արքիպոսին ասեցէք. Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։
18Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, յիշեցէք իմ կապանքը. շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։