ՀԱՅՏՆՈՒԹՅՈւՆ 1:1-20 ABA1910 - Bible AI

1Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային.

2Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ։

3Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։

4Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են.

5Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն,

6Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

7Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։

8Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։

9Ես՝ Յովհաննէս ձեր եղբայր եւ հաւասար ընկեր նեղութեան եւ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի համբերութեան, Պատմոս ասուած կղզումն էի Աստուծոյ խօսքի համար, եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։

10Եւ կիրակի օրը եղայ Հոգում. Եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. [Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը։

11Եւ] ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։

12Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ.

13Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։

14Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։

15Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։

16Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։

17Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը եւ Վերջինը,

18Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։

19Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, եւ ինչ որ նորանից յետոյ լինելու է։

20Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, եւ այն եօթը ոսկի ճրագակալները. Այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են։

ticle>