1Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է,
2Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։
3Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. Եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։
4Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը,
5Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։
6Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։
7Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։
8Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է։
9Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. Եւ եօթը թագաւորներ են.
10Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. Եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։
11Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում,
12Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. Որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։
13Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։
14Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։
15Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։
16Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։
17Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։
18Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։