1Եւ Յեսուն ծերացել էր եւ օրերն անցկացրել: Եւ Տէրը նորան ասեց. Դու ծերացել ես եւ օրերդ անցկացրել. եւ խիստ շատ երկիր է մնացել ժառանգելու:
2Մնացած երկիրը այս է. Փղշտացիների ամեն սահմանները, եւ բոլոր Գեսուրը.
3Եգիպտոսի դիմացի Սիովրիցը մինչեւ Ակկարօնի սահմանը հիւսիսային կողմին Քանանացիներինը համարուի, Փղշտացիների հինգ նախարարութիւնները, այսինքն Գազացիներինը, Ազովտացիներինը, Ասկաղոնացիներինը, Գեթացիներինը եւ Ակկարոնացիներինը եւ Աւացիներինը.
4Հարաւային կողմից Քանանացիների բոլոր երկիրը՝ եւ Սիդոնացիների Մէարան մինչեւ Ափէկ մինչև Ամօրհացիների սահմանը.
5Եւ Գեբաղացիների երկիրը եւ արեւելքի բոլոր Լիբանանը Հերմոն սարի տակի Բաաղգադից մինչեւ Եմաթի մուտքը,
6Բոլոր լեռնաբնակները՝ Լիբանանից մինչեւ Մասրեփօթ-մայիմ, բոլոր Սիդոնացիներիը, նորանց ես քշելու եմ Իսրայէլի որդկանց առաջից. միայն թէ դու Իսրայէլին ժառանգութիւն բաժանիր այն ինչպէս որ քեզ պատուիրեցի:
7Եւ հիմա այս երկիրը ժառանգութիւն բաժանիր ինը ցեղին, եւ Մանասէի կէս ցեղին.
8Ռուբէնեաններն ու Գադեաններն արդէն նորա հետ առել են իրանց ժառանգութիւնը, որ Մովսէսը Յորդանանի այն կողմին դէպի արեւելք նորանց տուաւ, ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուել է նորանց.
9Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոերիցը եւ ձորի մէջ եղող քաղաքը եւ Մեդաբայի բոլոր դաշտը մինչեւ Դեբոն.
10Եւ Եսեբոնի մէջ թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր քաղաքները մինչեւ Ամմոնի որդկանց սահմանը.
11Եւ Գաղաադը եւ Գեսուրացիների ու Մաքաթացիների սահմանը՝ եւ բոլոր Հերմոն սարը, եւ բոլոր Բասանը մինչեւ Սելքա.
12Բասանի մէջ Ովգի բոլոր թագաւորութիւնը, որ թագաւորում էր Աստարովթի ու Եդրայիի մէջ. նա էր մնացել հսկաների մնացորդիցը. բայց Մովսէսը նորանց զարկեց եւ քշեց:
13Եւ Իսրայէլի որդիքը Գեսուրացիներին եւ Մաքաթացիներին չ’հալածեցին. եւ Գեսուրացիներն եւ Մաքաթացիները մինչեւ այսօր Իսրայէլի մէջ բնակուեցան:
14Միայն Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ’տուաւ. Իսրայէլի Տէր Աստուծոյ պատարագներն են նորա ժառանգութիւնը, ինչպէս որ նորան ասել էր:
15Եւ Մովսէսը տուաւ Ռուբէնի որդկանց ցեղին նորանց ազգատոհմներին համեմատ:
16Եւ նորանց սահմանը եղաւ. Առնոն ձորի եզերքի վերայ եղող Արոէրից՝ եւ ձորի մէջ եղող քաղաքը, Մեդաբայի մօտ եղած բոլոր դաշտը,
17Եսեբոնը եւ նորա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոն, Բամոթ-բահաղ եւ Բէթբէէլմօն,
18Եւ Յասսա եւ Կադեմօթ, եւ Մեփայաթ,
19Եւ Կարիաթեմ, եւ Սեբամա, եւ Սարեթ-սահառ հովտի սարի վերայ,
20Եւ Բեթփեգովր, եւ Ասեդովթ-փասգա, եւ Բեթեսիմօթ,
21Եւ դաշտի ամեն քաղաքները, եւ Եսեբոնում թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր թագաւորութիւնը, որին զարկեց Մովսէսը՝ եւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռօբին այն երկրումը բնակող Սեհոնի նախարարներին:
22Եւ Բէովրեան Բաղաամ հարցուկին էլ Իսրայէլի որդիքը սրով մեռցրին նորանց սպանուածների հետ:
23Եւ Ռուբէնի որդկանց սահմանն էր Յորդանանը եւ Գէբուլը. այս է Ռուբէնի որդկանց ազգատոհմների ժառանգութիւնը. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
24Եւ Մովսէսը տուաւ Գադի ցեղին, Գադի որդկանց իրանց ազգատոհմների համեմատ:
25Եւ նորանց սահմանը եղաւ. Յազեր եւ բոլոր Գաղաադի քաղաքները, եւ Ամմոնի որդկանց երկրի կէսը՝ մինչեւ Արոէր, որ Ռաբբայի դիմացն է:
26Եւ Եսեբոնից մինչեւ Մասփայի Ռամովթը եւ Բոտանիմ, եւ Մանայիմից մինչեւ Դաբիրի սահմանը.
27Եւ հովիտի մէջ Բեթարամ եւ Բեթնամրա, Սոկքովթ եւ Սափոն՝ Եսեբոնի Սեհոն թագաւորի թագաւորութեան մնացորդը, Յորդանանը եւ սահմանը, մինչեւ Քեներէթի ծովի եզերքը Յորդանանի այն կողմը դէպի արեւելք:
28Այս է Գադի որդկանց ժառանգութիւնը իրանց ազգատոհմների համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
29Եւ Մովսէսը տուաւ Մանասէի կէս ցեղին, որ Մանասէի որդկանց կէս ցեղինը եղաւ իրանց ազգատոհմների համեմատ:
30Եւ նորանց սահմանը այս եղաւ. Մանայիմից՝ Բասանը Ովգ թագաւորի բոլոր թագաւորութիւնը՝ բոլոր Բասանը, եւ Բասանի մէջ եղող Յայիրի բոլոր գիւղաքաղաքները վաթսուն քաղաք.
31Եւ Գաղաադի կէսը՝ Աստարովթ եւ Եդրայի՝ Բասանի մէջ Ովգի թագաւորութեան քաղաքները Մանասեան Մաքիրի որդկանցը եղաւ, այսինքն Մաքիրի որդկանց կէսինը` իրանց ազգատոհմների համեմատ:
32Սորանք են որ Մովսէսը ժառանգութիւն տուաւ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք:
33Բայց Մովսէսը Ղեւիի ցեղին ժառանգութիւն չ’տուաւ. Իսրայէլի Տէր Աստուածն է նորանց ժառանգութիւնը ինչպէս որ նորանց ասեց: