1Եւ Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւեան Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետներին,
2Եւ խօսեցին նորանց հետ Քանանի երկրումը Սելովումը ասելով. Տէրը Մովսէսի միջոցովը հրամայեց բնակուելու համար արուարձանները տալ մեզ:
3Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ հրամանովն իրանց ժառանգութիւններիցն այս քաղաքները եւ նորանց արուարձանները տուին Ղեւտացիներին:
4Եւ վիճակը ելաւ Կահաթեանց ազգատոհմներին. եւ Ղեւտացիներից Ահարօն քահանայի որդիներին վիճակով տասնեւերեք քաղաք ելաւ, Յուդայի ցեղիցը, Շմաւոնի ցեղիցը եւ Բենիամինի ցեղիցը:
5Եւ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմներիցը եւ Դանի ցեղիցը, եւ Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասը քաղաք:
6Եւ Գերսոնի որդիներին՝ Իսաքարի ցեղի ազգատոհմներիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը, եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասնեւերեք քաղաք:
7Մերարիի որդկանց համար իրանց տոհմերի համեմատ՝ Ռուբէնի ցեղիցը Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու քաղաք:
8Եւ Իսրայէլի որդիքը այս քաղաքները եւ նորանց արուարձանները վիճակով տուին Ղեւտացիներին, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսի միջոցովը:
9Եւ Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցն այս քաղաքները տուին, որ իրանց անունովը յիշուած էին.
10Եւ Ահարօնի որդիներինը եղան, որոնք Ղեւիի որդիներիցն եղող Կահաթեանց ազգատոհմներիցն էին. որովհետեւ առաջի վիճակը նորանցն էր:
11Եւ նորանց տուին Յուդայի սարի վերայ՝ Ենակի հօր Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոնը, նորա շրջակայ արուարձաններովը.
12Եւ քաղաքի ագարակներն ու գիւղերը Յեփոնեան Քաղէբին կալուածք տուին:
13Եւ Ահարօն քահանայի որդիներին՝ սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնը տուին իր արուարձաններովը. նաեւ Լեբնան իր արուարձաններովը:
14Եւ Յաթիրն իր արուարձաններովը, եւ Եթսեմովն իր արուարձաններովը,
15Եւ Քօղօնն իր արուարձաններովը, եւ Դաբիրն իր արուարձաններովը,
16Եւ Այինը իր արուարձաններովը, եւ Յետտան իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսն իր արուարձաններովը. այս երկու ցեղիցը ինը քաղաք:
17Եւ Բենիամինի ցեղիցը Գաբաւօնն իր արուարձաններովը, Գաբան իր արուարձաններովը,
18Անաթովթն իր արուարձաններովը, եւ Գաղմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
19Ահարօնի որդիք՝ քահանաների բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:
20Եւ Կահաթի որդիներից մնացած Ղեւտացի Կահաթեանց ազգատոհմներն էլ Եփրեմի ցեղիցը վիճակով քաղաքներ առան:
21Եւ նորանց տուին Եփրեմի լեռնակողմումը՝ սպանողի համար ապաստանի քաղաք Սիւքէմն իր արուարձաններովը, եւ Գաղէրն իր արուարձաններովը,
22Եւ Կաբսեմն իր արուարձաններովը, եւ Բեթորոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
23Եւ Դանի ցեղիցը՝ Ելթեկէն իր արուարձաններովը, Գաբաթոնն իր արուարձաններովը,
24Այեղոնն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
25Եւ Մանասէի կէս ցեղիցը՝ Թանաքն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. երկու քաղաք:
26Կահաթի որդիներից մնացած ազգատոհմների բոլոր քաղաքները տասն էին եւ նորանց արուարձանները:
27Եւ Ղեւտացիների ազգատոհմներից եղող Գերսոնի որդիներին տուին Մանասէի կէս ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Բասանումը Գովղանն իր արուարձաններովը. նաեւ Բեեստարան իր արուարձաններովը. երկու քաղաք:
28Եւ Իսաքարի ցեղիցը՝ Կեսիօնն իր արուարձաններովը, Դաբարաթն իր արուարձաններովը,
29Յերիմութն իր արուարձաններովը, Ենգանիմն իր արուարձաններովը. չորս քաղաք:
30Եւ Ասերի ցեղից՝ Մասաղն իր արուարձաններովը, Աբդօնն իր արուարձաններովը,
31Քեղկաթն իր արուարձաններովը, եւ Րոոբն իր արուարձաններովը. չորս քաղաք:
32Եւ Նեփթաղիմի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գալիլեայում Կադէսն իր արուարձաններովը. նաեւ Եմաթդովրն իր արուարձաններովը, եւ Կարթանն իր արուարձաններովը. երեք քաղաք:
33Գերսոնեանց բոլոր քաղաքները նորանց ազգատոհմների համեմատ տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:
34Եւ մնացած Ղեւտացիներին՝ այսինքն Մերարիի որդկանց ազգատոհմներին տուին Զաբուղոնի ցեղիցը Յեկնամն իր արուարձաններովը, Կարթան իր արուարձաններովը,
35Դեմնան իր արուարձաններովը, եւ Նաաղօլն իր արուարձաններովը. չորս քաղաք:
36Եւ Ռուբէնի ցեղիցը Բոսորն իր արուարձաններովը, Յասսան իր արուարձաններովը,
37Կադեմօթն իր արուարձաններովը, եւ Մեփայաթն իր արուարձաններովը. չորս քաղաք:
38Եւ Գադի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գաղաադումը Ռամովթն իր արուարձաններովը. նաեւ Մանայիմն իր արուարձաններովը,
39Եսեբոնն իր արուարձաններովը, եւ Յազերն իր արուարձաններովը. ամենը չորս քաղաք:
40Ղեւտացիների ազգատոհմներից մնացած Մերարիի որդկանց բոլոր քաղաքներն իրանց տոհմերի համեմատ իրանց վիճակովը տասնեւերկու քաղաք եղաւ:
41Իսրայէլի որդկանց կալուածքների մէջ Ղեւտացիների բոլոր քաղաքները քառասունեւութը քաղաք էին՝ եւ նորանց արուարձանները:
42Այս քաղաքների ամեն մէկն իր շրջակայ արուարձաններն ունէր, այս քաղաքների ամենն էլ այնպէս էր:
43Եւ Տէրը տուաւ Իսրայէլին այն բոլոր երկիրը, որ երդում էր արել նորանց հայրերին տալու. եւ նորան ժառանգեցին եւ նորանում բնակուեցան:
44Եւ Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց. Ինչպէս որ նորանց հայրերին երդում էր արել. եւ նորանց բոլոր թշնամիներիցը բնաւ մէկը չ’կարողացաւ նորանց դէմ կենալ. Տէրը նորանց ամեն թշնամիներին նորանց ձեռքը տուաւ:
45Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ: