1Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուէլի որդի՝ Յովէլին։
2Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ, այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։
3Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի։
4Խառնիճից մնացածը մորեխը կերաւ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ։
5Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար որ կտրուել է ձեր բերանիցը։
6Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ զօրաւոր եւ անթիւ, նորա ատամները առիւծի ատամներ են, եւ մատակ առիւծի ժանիքներ ունի։
7Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. Նորա ուռերը սպիտակացան։
8Ողբա կոյսի պէս, որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ։
9Հացի ընծան եւ նուէրը կտրուել է Տիրոջը տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառայող քահանաները։
10Արտը աւերուել է, երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, չորացել քաղցուն, թոռոմել իւղը։
11Ամաչեցէք, ով երկրագործներ. Ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը։
12Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը։
13Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպասաւորները, որ խափանուել է ձեր Աստուծոյ տանիցը հացի ընծան եւ նուէրը։
14Ծոմ սրբեցէք, հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը։
15Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. Եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից։
16Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ ուրախութիւնն ու ցնծութիւնը։
17Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը։
18Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չ’կայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են։
19Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը։
20Դաշտի անասուններն էլ են քեզ մտիկ տալիս, որ չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները։