1Բայց բոլորն ինչ որ Յովհաննէսը նորա համար ասեց, ճշմարիտ էր. եւ այնտեղ շատերը հաւատացին նորան։
2Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը։
3Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. Որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր։
4Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է։
5Յիսուսն էլ երբոր լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, այլ Աստուծոյ փառքի համար. Որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի։
6Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւ Ղազարոսին։
7Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր.
8Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան։
9Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. Եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում։
10Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. Որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է։
11Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կ’սահի. Որովհետեւ լոյս չ’կայ նորանում։
12Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը քնեց. Բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան։
13Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ։
14Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. Նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում։
15Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ։
16Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. Բայց գնանք նորա մօտ։
17Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք։
18Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ։
19Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով։
20Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին։
21Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. Բայց Մարիամը տանը նստած էր։
22Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։
23Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ։
24Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ։
25Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը։
26Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։
27Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։
28Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։
29Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։
30Նա երբոր լսեց, շուտով վերկացաւ, եւ եկաւ նորա մօտ։
31Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը։
32Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. Ասելով թէ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ։
33Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։
34Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։
35Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. Նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։
36Յիսուսը արտասուեց։
37Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։
38Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չ’մեռներ,
39Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։
40Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։
41Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։
42Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։
43Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։
44Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։
45Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։
46Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան։
47Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ։
48Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։
49Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։
50Եւ նորանցից մէկը՝ Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չ’գիտէք,
51Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի։
52Բայց սա իրանից չ’ասեց. Այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար։
53Եւ ոչ թէ միայն ազգի համար, այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ։
54Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։
55Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. Այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, Եփրայեմ ասուած քաղաքը. Եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ։
56Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն։
57Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. Մի՞թէ այս տօնին չի գալ. Բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան։