ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:1-53 ABA1910 - Bible AI

1Եւ սա Իսկարիովտացի Սիմօնեան Յուդայի մասին էր ասում. Որ նա էր մատնելու նորան. Եւ ինքը տասնեւերկուսից մէկն էր։

2Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. Որովհետեւ չէր կամենում Հրէաստանումը ման գալ, որովհետեւ Հրէաները որոնում էին սպանել նորան։

3Եւ Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր։

4Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես.

5Որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. Եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։

6Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան։

7Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է.

8Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. Բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։

9Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։

10Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։

11Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար։

12Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Ո՞րտեղ է նա։

13Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. Ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։

14Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ Հրէաների վախի համար։

15Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր։

16Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու։

17Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։

18Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։

19Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. Բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։

20Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։

21Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. Ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. Ո՞վ է ուզում քեզ սպանել։

22Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք։

23Նորա համար Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում։

24Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չ’քանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։

25Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։

26Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։

27Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. մի գուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը։

28Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. Իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որ տեղից է։

29Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. Եւ ես իմ անձիցը չեմ եկել. Այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը որին դուք չ’գիտէք։

30Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ։

31Եւ ուզում էին բռնել նորան. Բայց ոչ ով ձեռք չ’ձգեց նորա վերայ. Որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել։

32Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կ’անէ, քան որ սա արաւ։

33Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. Եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան։

34Յիսուսն էլ ասեց նորանց. Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ։

35Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։

36Հրէաներն էլ իրար ասեցին. Դա ո՞րտեղ է գնալու, որ մենք չ’գտնենք դորան. Արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու։

37Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։

38Եւ տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։

39Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին։

40Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած։

41Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս այն մարգարէն է։

42Ուրիշներն՝ ասում էին. Սա Քրիստոսն է. Եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը Գալիլեայիցը կ’գայ։

43Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր։

44Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար։

45Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. Բայց ոչ ոք ձեռք չ’ձգեց նորա վերայ։

46Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. Եւ սորանք ասեցին նորանց. Ի՞նչու համար նորան չ’բերիք։

47Սպասաւորները պատասխանեցին. Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը։

48Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։

49Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան։

50Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չ’գիտէ, անիծուած են։

51Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց.

52Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում։

53Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. Քննիր եւ տես, որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել։

le>