1Յուդա Յիսուս Քրիստոսի ծառայ, եւ Յակոբոսի եղբայր. Աստուած Հօրից սրբուած, եւ Յիսուս Քրիստոսումն պահուած կանչուածներիդ.
2Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ սէր շատանայ ձեր վերայ։
3Սիրելիներ, որովհետեւ ամեն ջանք արի որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկութեան համար, հարկ եղաւ ինձ որ գրեմ ձեզ եւ յորդորեմ, որ մրցիք սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը։
4Որովհետեւ մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատուած էին սոյն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստուծոյ շնորհքն անառակութեան դարձրին. Եւ ուրանում են այն միայն Իշխանին, [Աստուծուն] եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։
5Իսկ ես կամենում եմ յիշեցնել ձեզ, որ արդէն այս բանը գիտէք, թէ Տէրը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը. Եւ յետոյ չ’հաւատացողներին կորցրեց։
6Եւ այն հրեշտակներին որ իրանց իշխանութիւնը չ’պահեցին, այլ իրանց բնակութիւնը թողեցին, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց մեծ օրուայ դատաստանի համար։
7Ինչպէս Սոդոմը եւ Գոմորը եւ նորանց շուրջի քաղաքները, հէնց սորանց կերպով պոռնկելով եւ ուրիշ մարմնի ետեւից գնալով՝ օրինակի համար մեր առաջին դրուած են, յաւիտենական կրակի դատաստանն ընդունելով։
8Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։
9Եւ Միքայէլ հրեշտակապետը, երբոր սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսէսի մարմնին համար, չ’համարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց Տէրը քեզ յանդիմանէ։
10Իսկ սորանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են. Եւ ինչ որ էլ անխօս անասունի պէս բնականաբար գիտեն, նորանցում ապականվում են։
11Վա՜յ նորանց, որ Կայէնի ճանապարհովը գնացին, եւ Բաղաամի մոլորութիւնովը վարձքին նուիրուեցան, եւ Կորխի հակառակութեան պէս կորան։
12Սորանք գայթակղութեան ժայռեր են ձեր սէրի խնջոյքներումը, որ աներկիւղ միասին ուտել խմելիս, իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանուած, պտղակորոյս անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած արմատախիլ եղած.
13Ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամօթն են փրփրեցնում. Մոլար աստղեր, որոնց պահվում է յաւիտեան խաւարի մութը։
14Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը,
15Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին։
16Սորանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկութիւնների պէս են գնում. Եւ նորանց բերանը ամբարտաւան բաներ է խօսում, երեսպաշտութիւն են անում շահի համար։
17Բայց դուք, սիրելիներ, յիշեցէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալներից առաջուց ասած խօսքերը։
18Որովհետեւ ասում էին ձեզ, թէ վերջի ժամանակներումը ծաղր անող մարդիկ կ’լինին, որ իրանց ամբարիշտ ցանկութիւնների ետեւից կ’գնան։
19Սորանք են որ ջոկում հեռացնում են իրանց, շնչաւորներ որ Հոգին չ’ունին։
20Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հաւատքի վերայ շինեցէք Սուրբ Հոգովը, աղօթք անելով։
21Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։
22Եւ մի քանիսին ողորմեցէք խտրութիւն անելով։
23Եւ մի քանիսին վախով ապրեցրէք կրակից յափշտակելով. Ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտուած է։
24Եւ նորան որ կարող է անարատ պահել ձեզ եւ անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծութիւնով.
25Այն մէկ իմաստուն Աստուծուն եւ մեր Փրկչին [մեր Տէր Յիսուս Քրիստոսով] փառք եւ մեծութիւն, զօրութիւն եւ իշխանութիւն, [բոլոր դարերից առաջ] եւ հիմա եւ ամեն յաւիտեաններում։ Ամէն։