ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 10:1-21 ABA1910 - Bible AI

1Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսրայէլի համար փրկութեան մասին է։

2Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։

3Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։

4Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։

5Որովհետեւ Մովսէսը գրում է այն արդարութեան համար որ օրէնքիցն է, Թէ այս բաներն անող մարդը կ’ապրի նորանցով։

6Բայց հաւատքից լինող արդարութիւնը այսպէս է ասում. Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։

7Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։

8Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։

9Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։

10Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։

11Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։

12Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։

13Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։

14Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի.

15Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։

16Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։

17Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։

18Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։

19Բայց ասում եմ. Մի՞թէ Իսրայէլը չ’գիտաց. Առաջ Մովսէսն է ասում. Ես ձեզ նախանձաւոր կ’շինեմ մի ոչինչ ժողովրդով, եւ մի անմիտ ազգով կ’կսկծացնեմ ձեզ։

20Բայց Եսայիան աւելի համարձակում է եւ ասում. Ես գտնուեցայ նորանցից որ ինձ չէին որոնում. Յայտնի եղայ նորանց որ ինձ համար չէին հարցնում։

21Բայց Իսրայէլին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դէպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։

icle>