ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 12:1-21 ABA1910 - Bible AI

1Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը։

2Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը։

3Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց։

4Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին,

5Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք։

6Միայն թէ զանազան պարգեւներ ունինք այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. թէ մարգարէութիւն՝ հաւատքի չափովը մարգարէանանք.

7Թէ պաշտօն՝ պաշտօնում լինինք. թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի։

8Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. բաշխողը՝ զուարթութիւնով. վերակացու դրուածը՝ ջանքով. Ողորմողը՝ յօժարութիւնով։

9Սէրն առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարիին հետեւեցէք։

10Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք։

11Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. Հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք։

12Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք։

13Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք։

14Ձեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք։

15Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք։

16Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. Այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք։

17Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։

18Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք։

19Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը։

20Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. Եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. Որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ։

21Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին։

icle>