ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 14:1-23 ABA1910 - Bible AI

1Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու։

2Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. Բայց տկարը բանջար է ուտում։

3Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. Եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. Որովհետեւ Աստուած ընդունեց նորան.

4Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. Իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. Բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան։

5Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. Ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ։

6Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. Եւ օրին մտիկ չ’անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. Եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. Եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է։

7Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում։

8Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. Ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք։

9Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ։

10Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք։

11Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. Որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն։

12Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն։

13Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. Այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք։

14Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում, նորա համար պիղծ է։

15Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ։

16Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի։

17Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը։

18Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի։

19Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։

20Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. Բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։

21Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է։

22Դու հաւա՞տք ունիս. Քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է։

23Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է։

icle>