1Մենք որ զօրաւոր ենք՝ պէտք է տկարների տկարութիւնը վեր առնենք, եւ միայն մեր անձերին հաճոյ չ’լինինք։
2Ապա մեզանից ամեն մէկը թող հաճոյ լինի ընկերին դէպի բարին՝ շինութեան համար։
3Որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թէ իր անձին հաճոյ եղաւ, այլ ինչպէս գրուած է, թէ Քեզ նախատողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
4Նորա համար ինչ որ գրուեցաւ՝ մեր սովորելու համար գրուեցաւ, որ համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք։
5Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տայ ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։
6Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
7Վասնորոյ իրար ընդունեցէք, ինչպէս Քրիստոս էլ մեզ ընդունեց Աստուծոյ փառքի համար։
8Բայց ասում եմ թէ Յիսուս Քրիստոսը թլփատութեան սպասաւոր եղաւ Աստուծոյ ճշմարտութեան համար, որ հայրերի խոստումները հաստատէ։
9Բայց հեթանոսները ողորմութեան համար փառաւորում են Աստուծուն, ինչպէս գրուած է թէ Սորա համար կ’գոհանամ քեզանից հեթանոսների մէջ, եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
10Եւ դարձեալ ասում է. Ուրախացէք, ով հեթանոսներ, նորա ժողովրդի հետ։
11Եւ դարձեալ՝ Օրհնեցէք Տիրոջը, ամեն հեթանոսներ, եւ գովեցէք նորան, ամեն ժողովուրդներ։
12Եւ դարձեալ Եսայիան ասում է. Յեսսէի արմատը կ’լինի, եւ նա որ հեթանոսների համար իշխան կ’կանգնի, նորան յոյս կ’դնեն հեթանոսները։
13Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը։
14Եւ ես ինքս էլ, եղբարքս, ձեզ համար հաստատ եմ, որ դուք լիքն էք բարութիւնով, լեցուած ամեն գիտութիւնով, որ կարող էք իրար էլ խրատել։
15Բայց համարձակեցի, եղբարք, փոքր ի շատէ գրել ձեզ. Իբր թէ ձեզ յիշեցնեմ Աստուածանից ինձ տրուած այն շնորհքի պատճառովը.
16Որ ես Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ հեթանոսների մէջ. Աստուծոյ աւետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագն ընդունելի լինի՝ Սուրբ Հոգովը սրբուած։
17Արդ պարծանք ունիմ Քրիստոս Յիսուսին Աստուծոյ առաջին։
18Որովհետեւ ես չեմ համարձակիլ մի բան խօսել՝ որը Քրիստոս չ’գործեց ինձանով՝ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով եւ գործքով։
19Նշանների եւ հրաշքների զօրութիւնով, Աստուծոյ Հոգիի զօրութիւնով. Այնպէս որ ես Երուսաղէմիցն սկսած պտոյտ տալով մինչեւ Լիւրիկացիների կողմերը Քրիստոսի աւետարանովը լցրել եմ։
20Այնպէս ջանք արի աւետարանը քարոզելու, ոչ թէ որտեղ որ Քրիստոսի անունն անուանուած էր, որ մի գուցէ ուրիշի հիման վերայ շինեմ. Այլ ինչպէս որ գրուած է.
21Թէ որոնց չէ պատմուած նորա համար՝ կ’տեսնեն, եւ որոնք որ չեն լսել՝ միտք կ’անեն։
22Սորա համար էլ շատ անգամ արգիլուեցայ ձեզ մօտ գալուց։
23Բայց հիմա որ այս կողմերումն այլ եւս տեղ չ’ունիմ, եւ շատ տարուց հետէ խիստ փափաք ունիմ ձեզ մօտ գալու,
24Երբ որ անցկենամ Սպանիա, կ’գամ ձեզ մօտ. Յոյս ունիմ որ անցկենալու ժամանակս տեսնեմ ձեզ. Եւ ձեզանից ճանապարհ գցուիմ այնտեղ, եթէ առաջ մի քիչ ձեզանով լիանամ։
25Բայց հիմա Երուսաղէմ եմ գնում սուրբերին ծառայութիւն անելու։
26Որովհետեւ Մակեդոնացիք եւ Աքայեցիք հաճեցան մի հաղորդութիւն անել աղքատ սրբերին որ Երուսաղէմումն են.
27Հաճեցան, նոյն իսկ պարտական էլ են նորանց. որովհետեւ եթէ հեթանոսները նորանց հոգեւոր բարիքներին մասնակից եղան, պէտք է՝ որ մարմնական բաներում էլ ծառայեն նորանց։
28Արդ այս որ կատարեմ եւ նորանց պտուղն իր տեղը հասցնեմ, կ’անցնեմ Սպանիա ձեր միջովը։
29Եւ գիտեմ որ երբոր ձեզ մօտ գամ, Քրիստոսի աւետարանի առատ օրհնութիւնովը կ’գամ։
30Եւ աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը եւ Հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինիք՝ ինձ համար աղօթքներ անելով դէպի Աստուած.
31Որ ազատուիմ այն անհնազանդներիցը որ Հրէաստանումն են. Եւ իմ ծառայութիւնը որ Երուսաղէմումն անելու եմ՝ սուրբերին ընդունելի լինի.
32Որ ուրախութիւնով ձեզ մօտ գամ Աստուծոյ կամքովը, եւ ձեզ հետ հանգիստ առնեմ։
33Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենի հետ լինի. Ամէն։