ՀՌՈՎՄԵԱՑԻՍ 3:1-31 ABA1910 - Bible AI

1Արդ ի՞նչ է Հրէայի առաւելութիւնը, կամ ի՞նչ է թլփատութեան օգուտը։

2Շատ, ամեն կերպով. Առաջ հէնց նա որ Աստուծոյ պատգամները նորանց հաւատացուեցան։

3Բայց ի՞նչ. Եթէ ոմանք չ’հաւատացին, մի՞թէ նորանց անհաւատութիւնն Աստուծոյ հաւատքը կ’խափանէ. քաւ լիցի։

4Արդ թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ. Ինչպէս գրուած է, Որ արդար լինես քո խօսքերումը, եւ յաղթես քո դատուելումը։

5Բայց եթէ մեր անիրաւութիւնն Աստուծոյ արդարութիւնը յայտնի երեւացնում է, ի՞նչ ասենք. Մի՞թէ անիրաւ է Աստուած, որ բարկութիւնը բերում է։

6Մարդի կերպով եմ ասում, քաւ լիցի. ապա Աստուած ի՞նչպէս կ’դատէ աշխարհքը։

7Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնն իմ ստութիւնովն աւելացաւ նորա փառքի համար, էլ ի՞նչու եմ ես մեղաւորի պէս դատվում։

8Եւ ի՞նչու համար այնպէս չ’անենք ինչպէս չարախօսվում ենք, եւ ինչպէս ոմանք ասում են մեզ համար, թէ ասում լինինք, թէ Չար գործենք՝ որ բարին գայ. Որոնց դատաստանը արդար է։

9Եւ հիմա ի՞նչ. Աւելի՞ ենք. Ամենեւին ոչ. Որովհետեւ առաջ մեղադրեցինք Հրէաներին եւ հեթանոսներին, թէ ամենքը մեղքի տակ են.

10Ինչպէս որ գրուած է, թէ Արդար չ’կայ՝ մէկն էլ չ’կայ։

11Չ’կայ իմացող, չ’կայ Աստուծուն խնդրող,

12Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան. Չ’կայ բարութիւն անող, մինչեւ մէկն էլ չ’կայ։

13Նորանց կոկորդը բաց գերեզման է, եւ իրանց լեզուներովը նենգութիւն են անում. իժերի թոյն կայ նորանց շրթունքների տակ։

14Որոնց բերանը անէծքով եւ դառնութիւնով լիքն է։

15Որոնց ոտները շուտագնաց են արիւն թափելու համար։

16Կործանում եւ թշուառութիւն է նորանց ճանապարհներումը։

17Եւ խաղաղութեան ճանապարհը չ’ճանաչեցին։

18Աստուծոյ երկիւղը նորանց աչքերի առաջին չէ։

19Բայց գիտենք, թէ ամեն ինչ որ օրէնքն ասում է նորանց է ասում, որ օրէնքի տակ են. որ ամեն բերան խփուի, եւ բոլոր աշխարհք Աստուծոյ առաջին դատապարտ լինի։

20Որովհետեւ օրէնքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նորա առաջին. Որովհետեւ օրէնքովը լինում է մեղքի գիտութիւն։

21Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով.

22Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ։

23Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են.

24Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։

25Որին Աստուած առաջուց սահմանեց քաւութիւն լինելու համար հաւատալով նորա արիւնովը, որ իր արդարութիւնը ցոյց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։

26Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է.

27Հիմա ո՞ւր է պարծանքը. Խափանուեցաւ. Ո՞ր օրէնքով, գործերի՞ օրէնքովը. Ոչ, այլ հաւատքի օրէնքովը։

28Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։

29Մի՞թէ Աստուած միայն Հրէաներինն է, եւ հեթանոսներինն էլ չէ. Այո, հեթանոսներինն էլ է։

30Որովհետեւ մէկ Աստուած է՝ որ արդարացնում է թլփատութիւնը հաւատքից եւ անթլփատութիւնը նոյն հաւատքովը։

31Արդ մի՞թէ օրէնքը խափանում ենք հաւատքովը. Քաւ լիցի. Այլ օրէնքը հաստատում ենք։

cle>