1Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։
2Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում։
3Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։
4Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։
5Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։
6Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։
7Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
8Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։
9Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։
10Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։
11Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
12Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։
13Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.
14Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. Որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ։
15Արդ ի՞նչ. Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք՝ այլ շնորհքի տակ. Քաւ լիցի։
16Դուք չգիտէ՞ք, թէ ում որ ձեր անձերը ծառայ էք ներկայացնում՝ նորան հնազանդելու, ծառաներ էք նորան որին հնազանդում էք. Թէ մեղքին՝ դէպի մահ, եւ թէ հնազանդութեան՝ դէպի արդարութիւն։
17Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. Որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք՝՝։
18Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը։
19Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. Որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։
20Որովհետեւ երբոր մեղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը։
21Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։
22Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։
23Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։