1Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։
2Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը։
3Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը.
4Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։
5Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ հոգու բաները։
6Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։
7Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, եւ կարող էլ չէ։
8Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։
9Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։
10Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։
11Եւ եթէ Յիսուսին մեռելներից յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։
12Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։
13Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։
14Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։
15Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ վախենաք. այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր։
16Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։
17Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։
18Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։
19Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։
20Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով,
21Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։
22Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։
23Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։
24Որովհետեւ յոյսով փրկուեցանք. բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. Վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։
25Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։
26Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։
27Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։
28Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են։
29Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու. որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։
30Եւ որոնց առաջուց սահմանեց, նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, նորանց փառաւոր էլ արաւ։
31Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ.
32Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։
33Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. Աստուած է որ արդարացնում է։
34Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է։
35Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։
36Ինչպէս գրուած է, թէ Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։
37Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,
38Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,
39Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։