1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
3Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չ’անէք. Եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չ’անէք, ու նորանց կանոնների համեմատ չ’գնաք։
4Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
5Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կ’ապրէ. ես եմ Եհովան։
6Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ’մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։
7Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չ’բանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չ’բանաս։
8Քո հօր կնոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր մերկութիւնն է։
9Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չ’բանաս։
10Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չ’բանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։
11Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չ’բանաս։
12Քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Նա քո հօր արիւնակիցն է։
13Քո մօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։
14Քո հօր եղբօր մերկութիւնը չ’բանաս, նորա կնոջը չ’մօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։
15Քո հարսի մերկութիւնը չ’բանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չ’բանաս։
16Քո եղբօր կնոջ մերկութիւնը չ’բանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։
17Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չ’բանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չ’առնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։
18Եւ մի կնիկ իր քրոջ հետ չ’առնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։
19Եւ կնկան չ’մօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։
20Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չ’պառկես, նորա հետ պղծուելով։
21Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չ’թողես, եւ քո Աստուծոյ անունը չ’պղծես. Ես եմ Եհովան։
22Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չ’պառկես. Պղծութիւն է այդ։
23Եւ ոչ մի անասունի հետ չ’զուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չ’կանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։
24Սորանց ոչ մէկովը չ’պղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։
25Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։
26Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չ’անէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը.
27Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ.
28Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չ’փսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։
29Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։
30Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չ’անէք, եւ նորանցով չ’պղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը։