1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։
3Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
4Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
5Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։
6Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։
7Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չ’ընդունուի։
8Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։
9Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չ’ժողովես։
10Եւ քո այգին ճռաքաղ չ’անես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չ’քաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
11Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։
12Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։
13Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չ’մնայ։
14Խուլին մի հայհոյիր. Եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
15Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։
16Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս. քո ընկերի արիւնը չ’մտնես. Ես եմ Եհովան։
17Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։
18Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։
19Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չ’տաս. քո արտումը զանազան սերմ չ’վարես. Եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չ’հագնես։
20Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չ’մեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։
21Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։
22Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Եհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։
23Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չ’թլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չ’ուտուի։
24Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։
25Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
26Միսը արիւնովը չ’ուտէք. չ’հմայէք, եւ գուշակութիւն չ’անէք։
27Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չ’կտրէք եւ մօրուքիդ եզերքը չ’ապականես։
28Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չ’շինէք. Ես եմ Եհովան։
29Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չ’ընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չ’լցուի։
30Իմ շաբաթները պահէք եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։
31Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
32Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
33Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան։
34Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
35Դատաստանի մէջ անիրաւութիւն չ’անէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։
36Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։
37Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։