ՂԵւՏԱՑՈՑ 21:1-24 ABA1910 - Bible AI

1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Խօսիր Ահարօնի որդիներին՝ քահանաների հետ եւ ասիր նորանց. Մի քահանայ մի անձի համար անմաքուր չ’լինի իր ժողովրդի մէջ.

2Բայց միայն իր մօտ ազգականի համար, այսինքն իր մօր եւ իր հօր եւ իր որդու եւ իր աղջկան եւ իր եղբօր համար,

3Եւ իր կոյս քրոջ համար որ մօտ է իրան՝ մարդի տրուած չէ, նորա համար թող անմաքուր լինի։

4Նա իր ժողովրդի մէջ գլխաւոր լինելով անմաքուր պիտի չ’դառնայ իրան պղծելով։

5Իրանց գլխներին գերծելով կնտութիւն չ’անեն, եւ իրանց մօրուքի եզերքը չ’ածիլեն, եւ իրանց մարմնի վերայ վէտեր չ’անեն.

6Սուրբ պիտի լինեն իրանց Աստուծոյն. Եւ իրանց Աստուծոյ անունը չ’պղծեն. Որովհետեւ Եհովայի պատարագներն՝ իրանց Աստուծոյ հացն են մատուցանում. Ուրեմն սուրբ լինեն։

7Պոռնիկ կամ պղծուած կնիկ չ’առնեն, եւ իր մարդիցն արձակուած կնիկ չ’առնեն. Որովհետեւ քահանան սուրբ է իր Աստուծոյն։

8Եւ պիտի սրբես նորան. Որովհետեւ նա քո Աստուծոյ հացն է մատուցանում. Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետեւ ես Եհովաս որ ձեզ սրբում եմ, սուրբ եմ։

9Եւ եթէ մի քահանայի աղջիկը պոռնկութիւն անելով պղծուելու լինի, նա պղծում է իր հօրը. Նա կրակով պիտի այրուի։

10Եւ իր եղբայրներիցը մեծ եղող քահանան՝ որի գլխին թափուել է օծման իւղը եւ ձեռքը լցուել է որ զգեստները հագնէ, իր գլուխը պիտի չ’բանայ, եւ իր հանդերձները չ’պատառէ.

11Եւ մի մեռած մարդի մօտ չ’գնայ, ոչ էլ իր հօր կամ իր մօր համար անմաքուր լինի։

12Եւ սրբարանիցը դուրս չ’գայ եւ իր Աստուծոյ սրբարանը չ’պղծէ. Որովհետեւ իր Աստուծոյ օծման իւղի պսակն իր վերայ է. Ես եմ Եհովան։

13Եւ նա մի կոյս պիտի կնիկ առնէ։

14Որբեւայրի կամ արձակուած կամ պղծուած՝ բոզ՝ սորանցից չ’առնէ. Այլ իր ժողովրդից մի կոյս առնէ կնիկ,

15Որ իր սերունդը չ’պղծէ իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորան։

16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

17Խօսիր Ահարօնին եւ ասիր. Քո սերունդիցն իրանց ազգերի մէջ ով որ իր վերայ արատ ունենայ, թող չ’մօտենայ իր Աստուծոյ հացը մատուցանելու.

18Որովհետեւ ոչ մի մարդ որ արատ ունենայ, պիտի չ’մօտենայ. Կոյրը կամ կաղը՝ կամ կարճունչը՝ կամ ականջատը,

19Կամ ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,

20Կամ սապատողը կամ բարակացածը կամ աչքը հատ ընկածը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը կամ փոշտանակը.

21Ահարօն քահանայի սերունդիցն արատ ունեցող մի մարդ չ’մօտենայ Եհովայի պատարագները մատուցանելու. Նա արատաւոր է. Իր Աստուծոյ հացը մատուցանելու չ’մօտենայ։

22Նա իր Աստուծոյ հացն ուտէ՝ ամենասուրբ բաներիցը եւ սուրբ բաներիցը.

23Միայն վարագոյրի մօտ չ’մտնէ եւ սեղանին չ’մօտենայ, ըստ որում արատ ունի. Եւ իմ սուրբ բաները չ’պղծէ, որովհետեւ նորանց սրբող Եհովան ես եմ։

24Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա որդիների հետ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ։

le>