ՄԱՂԱՔԻԱ 1:1-14 ABA1910 - Bible AI

1Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը։

2Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ։ Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ ես Յակոբին եմ սիրել։

3Իսկ Եսաւին ատել եմ, եւ նորա սարերը ամայի եմ արել. Եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել։

4Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կ’շինեն, բայց ես կ’քանդեմ. Եւ նորանց կ’կոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։

5Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր։

6Տղան իր հօրը կ’մեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. Եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ Ի՞նչով ենք անարգում քո անունը։

7Իմ սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով. Բայց դուք ասում էք. Մենք ի՞նչով ենք քեզ պղծում. Ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը անարգուած է։

8Ապա երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. Կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. Նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ’հաւանէ՞ կամ քեզ կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։

9Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. ձեր ձեռքիցն եղաւ այս. Մի՞թէ ձեզ կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։

10Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձերի. Ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. Եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը։

11Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. Եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։

12Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը պղծուած է. Եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է։

13Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. Եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. Եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. Այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կ’ընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը.

14Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. Որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։

>