ՄԱՂԱՔԻԱ 2:1-17 ABA1910 - Bible AI

1Եւ արդ ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ։

2Եթէ չ’լսէք եւ ուշադրութիւն չ’անէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կ’ուղարկեմ անէծքը, եւ կ’անիծեմ ձեր օրհնութիւնները. Այո՛ ես արդէն անիծել եմ նորանց, որ դուք ուշ չէք դարձնում։

3Ահա ես պիտի յանդիմանեմ ձեր սերունդը, եւ աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը. Եւ ձեզ իր մօտը պիտի տանէ։

4Եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ ուղարկել ձեզ դէմ այս պատուէրը. Որպէս զի իմ ուխտը լինի Ղեւիի հետ, ասում է Զօրաց Տէրը։

5Իմ ուխտը նորա հետ էր իբրեւ կեանք եւ խաղաղութիւն, եւ ես տուի նորան իբրեւ երկիւղ, որ նա վախենայ ինձանից. Եւ նա իմ անունի երեսիցը սարսափում էր։

6Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. Խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. Եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից։

7Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է։

8Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը։

9Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. Ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. Եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ։

10Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. Ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. Որ քանդէ մեր հայրերի ուխտը։

11Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. Որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. Եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան։

12Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. Եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին։

13Եւ երկրորդ՝ սա էք անում. Ծածկում էք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով. Որ Նա այլ եւս չէ նայում ընծային եւ հաճութեամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը։

14Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. Նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։

15Եւ այն մէկն էլ չ’արա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. Եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։

16Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. Եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։

17Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. Բայց դուք ասում էք, Ի՞նչով ենք ձանձրացնում. Ձեր ասելովը թէ Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. Եւ ինքը հաւանում է նորանց. Կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը։

>