1Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։
2Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
3Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. Առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։
4Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. Եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,
5Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։
6Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չ’գնաք, եւ Սամարացիների քաղաք չ’մտնէք.
7Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
8Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։
9Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։
10Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.
11Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։
12Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։
13Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան։
14Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։
15Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։
16Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։
17Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։
18Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ,
19Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։
20Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։
21Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։
22Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։
23Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։
24Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։
25Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։
26Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը։
27Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ որ չ’յայտնուի, եւ թագուն բան՝ որ չ’իմացուի։
28Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լոյսի մէջ ասեցէք. Եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։
29Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։
30Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։
31Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։
32Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։
33Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։
34Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։
35Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր։
36Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։
37Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։
38Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։
39Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։
40Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։
41Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։
42Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ։