1Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։
2Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։
3Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։
4Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։
5Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։
6Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.
7Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։
8Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։
9Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։
10Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։
11Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։
12Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։
13Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։
14Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։
15Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր։
16Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
17Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են,
18Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չ’եկաք. Մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չ’արիք։
19Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. Եւ ասում են, Դեւ կայ նորանում.
20Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։
21Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին։
22Վայ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. Որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին։
23Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։
24Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կ’ցածանաս. Որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կ’մնային։
25Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։
26Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։
27Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։
28Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։
29Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։
30Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։