ՄԱՏԹԵՈՍ 16:1-28 ABA1910 - Bible AI

1Եւ ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։

2Եւ Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։

3Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի որովհետեւ երկինքը կարմրել է։

4Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող։

5Չար եւ շնացող ազգը նշան է խնդրում. Եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ Եւ նորանց թողեց գնաց։

6Եւ նորա աշակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։

7Եւ Յիսուսը նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։

8Իսկ նորանք իրանց միջումը միտք էին անում եւ ասում թէ Հաց չենք վեր առել։

9Եւ Յիսուսը այս իմանալով ասեց. Ի՞նչու էք միտք անում ձեր միջումը, թե՛րահաւատներ, թէ հաց չէք վեր առել։

10Տակաւին չէ՞ք իմանում, եւ չէ՞ք էլ յիշում այն հինգ հացը հինգ հազար մարդկանցը, եւ քանի՞ քթոց վեր առաք։

11Ոչ էլ այն եօթը հացը չորս հազար մարդկանցը, եւ քանի՞ զամբիւղ վեր առաք.

12Ի՞նչպէս չէք իմանում, որ հացի համար չ’ասեցի ձեզ՝ զգոյշ կենալ Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը։

13Այն ժամանակ հասկացան, որ չ’ասեց հացի խմորիցն զգոյշ կենալ, այլ Փարիսեցիների եւ Սադուկեցիների վարդապետութիւնիցը։

14Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։

15Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. Իսկ միւսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։

16Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։

17Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։

18Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՝ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չ’յայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։

19Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։

20Եւ ես կ’տամ քեզ երկնքի արքայութեան բանալիները, եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ’լինի երկնքումը. Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ’լինի երկնքումը։

21Այն ժամանակ իր աշակերտներին պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն, թէ նա է Քրիստոսը։

22Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել։

23Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ։

24Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. Որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները։

25Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։

26Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կ’կորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան։

27Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար։

28Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. Եւ այն ժամանակ ամեն մէկին կ’հատուցանէ նորա գործերի համեմատ։

e>