1Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։
2Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։
3Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից.
4Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։
5Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։
6Բայց նա ամեն տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։
7Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։
8Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։
9Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։
10Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։
11Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։
12Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր.
13Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։
14Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։
15Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։
16Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։
17Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին.
18Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։
19Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։
20Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։
21Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։
22Եւ նորան տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։
23Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։
24Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։
25Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։
26Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
27Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։
28Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։
29Եւ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող,
30Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։
31Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։
32Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։
33Եւ երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։
34Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։
35Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։
36Եւ մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։
37Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։
38Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։
39Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։
40Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն,
41Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։
42Եւ երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը.
43Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։
44Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։
45Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։
46Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։
47Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։