ՄԱՐԿՈՍ 7:1-37 ABA1910 - Bible AI

1Եւ ժողովուեցան նորա մօտ Փարիսեցիները եւ դպիրներից ոմանք, որ Երուսաղէմից եկել էին։

2Եւ երբոր տեսան, որ նորա աշակերտներից մի քանիսը խառնակ ձեռքով, այսինքն առանց լուանալու հաց էին ուտում, բամբասեցին։

3Որովհետեւ Փարիսեցիները եւ բոլոր Հրէաները թէ որ մի լաւ չ’լուանան ձեռքերը՝ չեն ուտում. Որովհետեւ պահում են ծերերի աւանդութիւնը։

4Եւ հրապարակից գալիս, եթէ չ’լուացուին, չեն ուտում. Եւ ուրիշ շատ բաներ կան, որ ընդունեցին պահել, բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների եւ մահիճների լուացմունքներ։

5Յետոյ Փարիսեցիները եւ դպիրները հարցրին նորան, թէ Ինչո՞ւ քո աշակերտները ծերերի աւանդութեան համեմատ չեն գնում. Այլ անլուայ ձեռքով հաց են ուտում։

6Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։

7Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։

8Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։

9Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։

10Որովհետեւ Մովսէսն ասեց. Պատուիր քո հօրը եւ քո մօրը. Եւ նա որ հօրիցը կամ մօրիցը չարախօսութիւն անէ, թող մահով մեռնի։

11Բայց դուք ասում էք, Եթէ մարդս հօրը կամ մօրը ասէ, Կորբան է (այսինքն պատարագ) այն որ ինձանից պէտք է շահուիս, ազատ է լինում։

12Եւ այլեւս թոյլ չէք տալիս նորան որ մի բան անէ իր հօրը կամ իր մօրը։

13Եւ Աստուծոյ խօսքն անարգում էք ձեր աւանդութիւնովն, որ աւանդեցիք. Եւ սորան նման ուրիշ էլ շատ բաներ էք անում։

14Եւ բոլոր ժողովուրդն իրան մօտ կանչելով ասեց նորանց. Ամենքդ ինձ լսեցէք, եւ հասկացէք։

15Ոչինչ չ’կայ մարդից դուրս նորա մէջ մտնող, որ կարողանայ պղծել նորան, այլ նորանից այն դուրս եկողներն են որ մարդին պղծում են։

16Ով որ լսելու ականջ ունի, թող լսէ։

17Եւ երբոր ամբոխիցը տուն եկաւ, նորա աշակերտները հարցրին նորան այն առակի համար։

18Եւ նա ասեց նորանց. Դո՞ւք էլ այդչափ անմիտ էք. Չէ՞ք իմանում, որ ամեն ինչ որ դրսիցը մտնում է մարդի մէջ՝ չէ կարող նորան պղծել։

19Որովհետեւ նորա սիրտը չէ մտնում, այլ փորը, եւ դուրս է գնում արտաքնոցը՝ ամեն կերակուրները սրբելով։

20Եւ ասում էր թէ Մարդիցը դուրս եկողն է պղծում մարդին։

21Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնութիւններ, պոռնկութիւններ,

22Սպանութիւններ, գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, պիղծ ցանկութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։

23Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս, եւ մարդին պղծում։

24Եւ այնտեղից վերկացաւ՝ եւ եկաւ Տիւրոսի եւ Սիդոնի սահմանները. Եւ տուն որ մտաւ՝ չէր ուզում որ մէկն իմանայ, բայց չ’կարողացաւ ծածկուիլ.

25Որովհետեւ նորա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգի ունէր. Եկաւ նորա ոտների առաջին ընկաւ։

26Եւ այն կինը Յոյն էր՝ ազգաւ Փիւնիկ Ասորի. Եւ աղաչում էր նորան, որ դեւն իր աղջկանիցը դուրս հանէ։

27Յիսուսն էլ ասեց նորան. Թող առաջ երեխաները կշտանան. Որովհետեւ լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել։

28Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Այո, Տէր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին՝ երեխաների փշրանքից են ուտում։

29Եւ ասեց նորան, Այս խօսքի համար գնա, դեւը դուրս եկաւ քո աղջկանիցը։

30Եւ իր տունը որ գնաց, գտաւ դեւը դուրս եկած, եւ աղջիկը մահճի վերայ պառկած։

31Եւ դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններիցը դուրս գնաց, եւ Գալիլեայի ծովի մօտ եկաւ՝ Դեկապոլիսի սահմանների միջից։

32Եւ մի խուլ եւ դժուարախօս բերին նորան, եւ աղաչում էին, որ ձեռքը դնէ նորա վերայ։

33Եւ նա նորան ամբոխիցը մի կողմ տարաւ, իր մատները նորա ականջների մէջ դրաւ եւ թքեց, եւ նորա լեզուին դպաւ։

34Եւ դէպի երկինքը նայելով հառաչեց եւ ասեց նորան. Եփփաթա՝ այսինքն բացուիր։

35Եւ շուտով նորա ականջները բացուեցան, եւ նորա լեզուին կապն արձակուեցաւ, եւ խօսում էր ուղիղ։

36Եւ նորանց պատուիրեց՝ որ ոչ ոքի չ’ասեն. Եւ որչափ նա պատուիրում էր նորանց, նորանք էլ աւելի էին հռչակում։

37Եւ չափից դուրս զարմանում էին եւ ասում. Սա ամեն բան լաւ գործեց. Խուլերին լսել է տալիս՝ եւ համրերին՝ խօսել։