1Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.
2Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։
3Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։
4Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։
5Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։
6Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։
7Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։
8Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։
9Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։
10Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ։
11Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. Եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը։
12Եւ նա շատ զայրացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրուիլ։
13Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց։
14Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ։
15Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը։
16Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք։
17Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. Տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. Տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը։
18Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում։
19Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։
20Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։
21Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում։
22Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։
23Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։
24Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։
25Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։
26Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես։
27Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։
28Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։
29Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։
30Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար։
31Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։
32Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։
33Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։
34Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։
35Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։
36Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։
37Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։
38Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։