ՄԻՔԻԱ 1:1-16 ABA1910 - Bible AI

1Տիրոջ խօսքը որ եղաւ Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։

2Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր Եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը։

3Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ։

4Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիւայրից։

5Յակոբի յանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. Ո՞վ է Յակոբի յանցանքը, չէ՞ որ Սամարիան. Եւ ո՞վ է Յուդայի բարձրաւանդակները, չէ՞ որ Երուսաղէմը։

6Եւ Սամարիան պիտի դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ բանամ նորա հիմերը։

7Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. Որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքի էլ պիտի դառնան։

8Սորա համար պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպտուած եւ մերկ ման գամ, սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս։

9Որովհետեւ անբժշկելի են նորա վէրքերը, որովհետեւ եկաւ մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ։

10Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, Բեթափրայումը փոշու մէջ պիտի թաւալուիմ.

11Անց կաց քեզ համար, ով Սափիրի բնակչուհի, ամօթով մերկ. Դուրս չէ եկել Սաանանի բնակչուհին, Բեթեսելի կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը։

12Որովհետեւ գալարվում է բարեաց համար Մարօթի բնակչուհին, որովհետեւ չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը։

13Ձին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. Որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները։

14Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ-գեթին. Աքզիբի տները պիտի ստեն Իսրայէլի թագաւորներին։

15Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի բնակչուհի մինչեւ Ոդողոմ պիտի հասնէ Իսրայէլի փառքը։

16Գերծիր եւ կտրիր մազերդ քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից։

ՀԱԸ
/div>