1Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը.
2Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։
3Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց կտորում ինչպէս կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ։
4Այն ժամանակ կ’աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ’ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։
5Այսպէս է ասում Տէրը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ ով որ նորանց բերանը մի բան չ’դնէ, նորա դէմ պատերազմ կ’հրատարակեն.
6Վասն որոյ գիշեր կ’լինի ձեզ որ տեսիլք չ’տեսնէք. Եւ ձեզ խաւար կ’լինի որ գուշակութիւն չ’անէք. Եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։
7Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, որովհետեւ չ’կայ Աստուծոյ պատասխան։
8Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով, որ իմացնեմ Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը։
9Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք.
10Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։
11Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է մեզ վերայ չարիք չի գալ։
12Դորա համար Սիօնը ձեր պատճառով պիտի իբրեւ ագարակ հերկուի, եւ Երուսաղէմը աւերակների դէզեր դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձրաւանդակներ։