ՄԻՔԻԱ 7:1-20 ABA1910 - Bible AI

1Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի ճռաքաղի պէս. Ողկոյզ չ’կայ ուտելու, մի կանխահաս թուզ՝ որը փափաքում է սիրտս։

2Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ’կայ մարդկանց մէջ. Ամենքը արիւնների համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով։

3Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. Եւ նորանք ոլորում են բանը։

4Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ. Քո դէտերի օրը՝ եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը։

5Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները։

6Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. Մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։

7Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն. Ինձ պիտի լսէ իմ Աստուածը։

8Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ’կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ’լինի։

9Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։

10Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ Ո՞ւր է քո Տէր Աստուածը. իմ աչքերը տեսնեն նորան. Հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս փողոցի ցեխը։

11Այն օրը որ պարիսպներդ կ’շինուին, նոյն օրը պատուէրը կ’հեռանայ։

12Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։

13Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, իրանց գործերի պտուղների համար։

14Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին անտառումը Կարմեղոսումը. Թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս։

15Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ։

16Ազգերը պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան։

17Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, դողալով պիտի գան իրանց թաքուստներիցը, մեր Տէր Աստուածանից պիտի դողան. Այո՛, քեզանից պիտի վախենան։

18Ո՞վ է Աստուած քեզ նման, անօրէնութիւն վեր առնող, եւ իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է։

19Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը։

20Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր։

ՀԱԸ
/div>