ՅՈԲ 10:1-22 ABA1910 - Bible AI

1Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.

2Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։

3Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։

4Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կ’տեսնես.

5Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.

6Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։

7Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չ’կայ։

8Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։

9Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։

10Դու չ’թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։

11Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։

12Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։

13Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.

14Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չ’արդարացնես։

15Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։

16Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կ’որսաս, եւ դարձեալ կ’յաղթահարես ինձ.

17Վկաներդ կ’նորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կ’շատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։

18Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չ’տեսնէր,

19Որ չ’եղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։

20Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։

21Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը.

22Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չ’կայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։

ՀԱԸ
div>