1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։
3Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չ’գիտէ։
4Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։
5Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։
6Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։
7Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
8Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կ’սովորեցնէ, եւ քեզ կ’պատմեն ծովի ձկները։
9Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,
10Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։
11Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։
12Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։
13Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։
14Տես՝ նա կ’քանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կ’կողպէ, ու չի բացուիլ։
15Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։
16Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։
17Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ դատաւորներին՝ յիմարացած։
18Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։
19Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։
20Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։
21Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։
22Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։
23Ազգերին յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։
24Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։
25Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չ’ունին. Եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։