1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։
3Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։
4Ես էլ ձեզ նման կ’խօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կ’շարադրէի, եւ գլուխս կ’շարժէի ձեզ վերայ.
5Ձեզ կ’քաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կ’սփոփէր։
6Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կ’գնայ ինձանից։
7Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. Դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։
8Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։
9Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։
10Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։
11Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։
12Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։
13Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։
14նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։
15Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։
16Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,
17Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չ’կայ, եւ աղօթքս մաքուր է։
18Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չ’լինի իմ աղաղակին։
19Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։
20Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.
21Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։
22Որովհետեւ այս մի քանի տարիները կ’վերջանան, եւ ես կ’գնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։