1Եւ բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանցից յետոյ խօսենք։
3Ի՞նչու համար անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։
4Ով իր անձն իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։
5Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չ’տայ։
6Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։
7Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուին, եւ նորան պիտի ձգէ իր խորհուրդը։
8Որովհետեւ նա իր ոտքերովը ընկել է ուռկանը, եւ ցանցի վերայ է գնում։
9Վարմը կ’բռնէ նորա գարշապարը. լարը կ’զօրանայ նորա վերայ՝՝։
10Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։
11Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։
12Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ կորուստը պատրաստ է նորա կշտին։
13Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։
14Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։
15Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարանի վերայ ծծումբ պիտի սերմուի։
16Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։
17Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չ’լինի հրապարակների վերայ։
18Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։
19Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չ’լինի նորա բնակարաններումը։
20Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։
21Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ սա է Աստուծուն չ’ճանաչողի տեղը։