ՅՈԲ 21:1-34 ABA1910 - Bible AI

1Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.

3Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։

4Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չ’նեղանայ։

5Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:

6Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:

7Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:

8Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ:

9Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:

10Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:

11Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:

12Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:

13Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ’իջնեն:

14Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:

15Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:

16Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:

17Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ’հանգչի, եւ նորանց վերայ կ’գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ’բաժանէ իր բարկութեամբը:

18Նորանք կ’դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:

19Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:

20Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.

21Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:

22Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:

23Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.

24Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:

25Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:

26Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:

27Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:

28Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:

29Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.

30Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:

31Ո՞վ կ’իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կ’հատուցանէ նորան:

32Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:

33Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ’կայ:

34Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն:

ՀԱԸ
div>