ՅՈԲ 22:1-30 ABA1910 - Bible AI

1Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.

2Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։

3Ամենակարողին հաճութի՞ւն կ’լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։

4Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ’վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ’գնայ՞:

5Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ’կայ:

6Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:

7Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:

8Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:

9Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:

10Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:

11Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:

12Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:

13Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:

14Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:

15Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:

16Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:

17Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:

18Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:

19Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:

20Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:

21Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ’գայ քեզ մօտ:

22Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:

23Եթէ Ամենակարողին դառնաս, կ’շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:

24Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.

25Այն ժամանակ Ամենակարողը կ’լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:

26Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ’ցնծաս, եւ երեսդ կ’բարձրացնես դէպի Աստուած:

27Դու նորան կ’աղաչես, եւ Նա քեզ կ’լսէ. եւ քո ուխտերը կ’կատարես.

28Եւ դիտաւորութիւն կ’ունենաս, եւ կ’յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ’ծագէ:

29Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ’ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ’ազատէ:

30Նա կ’ազատէ անմեղ չ’եղողին էլ, եւ նա կ’ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:

ՀԱԸ
div>