ՅՈԲ 28:1-28 ABA1910 - Bible AI

1Արդարեւ արծաթը երակ ունի. Եւ ոսկին՝ տեղ, ուր որ նորան զտում են.

2Երկաթը հողիցն է առնվում, եւ քարը հալվում է պղինձ դառնում։

3Մարդը վախճան է դնում խաւարին, եւ նա բոլորովին կատարելապէս քննում է քարը խաւարումը եւ մահի ստուերումը։

4Քանդում է հորը բնակողի կշտին, ոտքից մոռացուած տեղերը. Կախ են ընկնում մարդկանցից օրօրվում։

5Երկիրը՝ որից դուրս է գալիս հաց, իսկ նորա տակը իբր թէ կրակով է քանդուած.

6Նորա քարերը շափիւղայի տեղն է, եւ ոսկիի աւազ կայ նորանում։

7Նորա ճանապարհը չ’գիտէ յափշտակող թռչունը, եւ անգղի աչքը նորան չէ տեսել։

8Նորան չեն կոխ տուել խրոխտ գազանները. Առիւծը չէ անց կացել նորա վերայ։

9Նա ապառաժին է ձեռնամուխ լինում, սարերն՝ արմատիցը տապալում.

10Ժայռերումը ջրմուղներ է ճղոտում, եւ նորա աչքը տեսնում է ամեն թանկագին բան։

11Գետերին արգելում է ծորելուց, եւ գաղտուկը հանում է լոյս աշխարհ։

12Բայց իմաստութիւնը ո՞րտեղ է գտնվում, եւ ո՞րն է հանճարի տեղը։

13Մարդս չ’գիտէ նորա արժէքը, եւ նա չի գտնուիլ կենդանեաց երկրումը։

14Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, եւ ծովն ասում է. Ինձ մօտ չ’կայ։

15Նորա փոխարէն ամենամաքուր ոսկին չի տրուիլ, եւ արծաթը չի վճարուիլ իբրեւ նորա գինը։

16Նա Ոփիրի ոսկիով չի գնահատուիլ, և ոչ պատուական եղնգնաքարով ու շափիւղայով։

17Նորան չ’արժեն ոսկի ու ակնվանի, եւ նա չի փոխուիլ ոսկեկուռ անօթների հետ։

18Բուստն ու բիւրեղը չեն էլ յիշուիլ. Եւ իմաստութեան ստացուածքը մարգարիտներից առաւել է։

19Նորան չ’արժէ Եթէովպայի տպազիոնը. Մաքուր ոսկիով նա չի գնահատուիլ։

20Ուրեմն իմաստութիւնը ո՞րտեղից է գալիս, եւ ո՞րն է հանճարի տեղը։

21Նա ծածկուած է բոլոր կենդանիների աչքերից էլ, եւ երկրի թռչուններիցն էլ թաքցրուած է։

22Կորուստն ու մահն ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս.

23Աստուած գիտէ նորա ճանապարհը, եւ նա է ճանաչում նորա տեղը։

24Որովհետեւ նա է մինչեւ երկրի ծայրերը նայում. Բոլոր երկնքի տակը տեսնում է։

25Քամիին կշիռ դնելիս, եւ ջուրերը չափով չափելիս,

26Անձրեւի համար օրէնք շինելիս, եւ ճանապարհ՝ որոտալից կայծակի համար.

27Այն ժամանակ նա տեսել ու համարել է նորան, պատրաստել եւ քննել էլ է նորան.

28Եւ մարդին ասել է. Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է։

ՀԱԸ
div>