1Եւ Յոբը շարունակեց իր առակն առաջ տանիլ եւ ասեց.
2Երանի՜ թէ առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր.
3Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։
4Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր։
5Երբոր Ամենակարողը տակաւին ինձ հետ էր. և իմ տղերքը իմ շուրջն էին։
6Երբոր իմ գնացքը կոգիով էր ծփծփում, եւ ապառաժը մօտիս իւղի աղբիւրներ էր բղխում.
7Երբոր դռնիցը դուրս էի գալիս քաղաքը, հրապարակումը դնում էի իմ աթոռը,
8Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թաք կենում, եւ ալեւորները վեր էին կենում կանգնում.
9Իշխանները դէմ էին ընկնում խօսելիս, եւ ձեռները դնում էին իրանց բերաններին.
10Ազնուականների ձայնը կտրվում էր, եւ նորանց լեզուն իրանց քիմքին էր կպչում։
11Որովհետեւ մի ականջ որ լսում էր, ինձ երանի էր տալիս, եւ այն աչքը որ տեսնում էր, վկայութիւն էր տալիս ինձ.
12Որովհետեւ ես ազատում էի աղաղակող տնանկին, նաեւ որբին եւ անօգնականին։
13Կորածի օրհնութիւնը ինձ վերայ էր գալիս, եւ որբեւայրիի սիրտը ուրախացնում էի.
14Արդարութիւն էի հագած եւ հագնում էի, պատմուճան եւ խոյր էր իմ դատաստանը։
15Ես աչքեր էի կոյրին, եւ ես ոտքեր էի կաղին։
16Եւ հայր էի աղքատներին, եւ ինձ անծանօթի դատը քննում էի.
17Եւ փշրում էի անիրաւի ժանիքը. Եւ նորա ատամներիցը որսը խլում էի.
18Եւ ասում էի. Բոյնիս կշտին կ’մեռնեմ, եւ աւազի չափ կ’շատացնեմ օրերս.
19Արմատներս ջրին կ’բացուին, եւ ցօղը կ’օթեւանէ իմ ոստերի վերայ.
20Փառքս նոր կ’մնայ ինձ հետ, եւ աղեղս ձեռքիս կ’նորոգուի։
21Ինձ ականջ էին դնում եւ սպասում, եւ իմ խորհուրդին լռում էին։
22Իմ խօսելուց յետոյ չէին կրկնում, եւ նորանց վերայ կաթում էր իմ ասածը։
23Ինձ սպասում էին ինչպէս անձրեւի, եւ բերանները բանում էին իբր ետքի անձրեւի համար։
24Եթէ ես ծիծաղէի նորանց վերայ, չէին հաւատալ. Եւ իմ երեսի լոյսը նորանք չէին նսեմացնել։
25Ընտրում էի նորանց ճանապարհը եւ գլխաւոր էի նստում, եւ բնակվում էի ինչպէս թագաւորը զօրքի մէջ, իբրև մէկը որ սգաւորներ է մխիթարում։