ՅՈԲ 3:1-26 ABA1910 - Bible AI

1Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։

2Եւ Յոբը պատասխանելով ասեց.

3Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։

4Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չ’որոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չ’ծագէ։

5Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։

6Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չ’ուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չ’մտնէ։

7Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չ’մտնէ նորա մէջը։

8Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։

9Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չ’լինի. Եւ արեւագալի թարթիչները չ’տեսնէ.

10Որ չ’գոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չ’ծածկեց տառապանքն իմ աչքերից։

11Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չ’մեռայ. Որովայնից ելած չ’վախճանուեցայ։

12Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։

13Որովհետեւ հիմա պառկած էի եւ կ’հանգչէի, կ’քնանայի. Ուրեմն հանգիստ կ’լինէի,

14Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.

15Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.

16Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չ’տեսան։

17Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.

18Կապուածները հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.

19Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։

20Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք.

21Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան գանձերից աւելի են որոնում։

22Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.

23Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։

24Որովհետեւ հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։

25Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։

26Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։

ՀԱԸ
iv>