1Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։
2Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։
3Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.
4Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.
5Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։
6Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.
7Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.
8Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։
9Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։
10Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։
11Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։
12Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։
13Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չ’ունին։
14Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։
15Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։
16Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։
17Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։
18Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։
19Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։
20Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։
21Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։
22Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։
23Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։
24Արդարեւ աղաչանք չ’կայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։
25Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։
26Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։
27Աղիքներս եռացին եւ չ’հանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։
28Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։
29Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։
30Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։
31Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։